Քանդակագործ Արթուր Դուրգարյանը գրաֆիկական հեքիաթային աշխարհի հանդեպ սիրով է տոգորվել դեռևս մանկության տարիներին: Դուրգարյանը քանդակային եռաչափ կատարումներում ձեռք բերած հաջողության ճանապարհին սահուն անցում կատարելով նաև երկչափ ձևակերպումներին՝ ստեղծում է գեղանկարչական ու գրաֆիկական հորինվածքներ աշխարհի ու կյանքի հանդեպ սեփական զգայական ընկալումներով: Գրաֆիկայի բնագավառում քանդակագործ-նկարիչը հաճախ է դիմում պարզ նյութեղեն հարթություններին ու նկարչական գունամիջոցներին: Հեղինակի բնորոշմամբ պարզ թղթային պատկերահիմքը, տուշն ու ակրիլային համադրումները հենց այն հոգեհարազատ միջոցներն են, որոնց շնորհիվ նա կարողանում է ինքնարտահայտվել այդ բնագավառում և իբրև ժամանակակից դիմագիծ ունեցող արվեստագետ աշխարհին փոխանցել իր հոգեկերտվածքի խորություններում թաքնված ներանձնական ապրումները:
Արթուր Դուրգարյանն իր ստեղծագործություններում մեծ տեղ է նվիրում հատկապես կանանց կերպարների մարմնավորմանը: Կինը նրա հորինվածքներում հանդես է գալիս երևակայական ու զգացմունքային տարբեր իրավիճակների կենտրոնում: Կանացի կերպարների ընկալմանը նպաստում են նաև պատկերադաշտի միջավայրի յուրօրինակ ու ինքնատիպ հորինվածքային տարրերն ու գունային համադրությունները: Բավական ուշագրավ է կանացի կերպարների հետ բազմիցս զուգորդվող արական կերպավորումներն ու հատկապես ռնգեղջյուրի պատկերը՝ որպես իգականին հակադրվող առնականության, ինչ-որ առումով նաև սեռականության գաղափարի կենդանական արտացոլում: Որոշ հորինվածքներում յուրօրինակ ստեղծարար ուժով է դրսևորվում նաև արվեստագետի սեփական «ես»-ի ներգործուն մասնակցությունը որոշ թեմատիկ պատկերադրվագներում: Մարդու և միջավայրի թեմաներին դիմելով՝ հեղինակը գեղարվեստի լեզվով արծարծում է համամարդկային զգացմունքներ և արժեքներ:
Կերպարվեստի բուռն աշխարհի այս բնագավառ ներգործելով՝ արվեստագետը չի հետևում պատմականորեն ընդունված «իզմ»-երի գեղագիտության սահմանված կանոններին: Դուրգարյանի նկարներում գույնի ու գծի միջոցով ձևեր են ստանում թերևս հեղինակային ապրումները, երևակայական զգացողություններն ու գեղեցիկի հանդեպ ունեցած ուրույն պատկերացումները: Գեղագիտական պարզ արտահայտչամիջոցներով արվեստագետը փորձում է նյութի մեջ մարմնավորել միջավայրում մարդու, ինչպես նաև մարդ-բնություն ներդաշն համակեցությանը: Արվեստագետը կերպարներին ստեղծում է սքանչելիորեն տիրապետելով «կենդանի» գծի փիլիսոփայությանը: Մաքուր ու հստակ գծերը նրա կատարմամբ ձեռք են բերում պլաստիկ ու վիրտոզ արտահայտչականություն: Մարդու, աշխարհի ու ինքնաճանաչման գեղագիտական ընկալումներն ու ձևերի ներդաշնակության սեփական ընկալումները ներգործուն տպավորություն են հաղորդում նաև դիտողին և փոխանցում հեղինակի մտքում ծնունդ առած փիլիսոփայական ձևակերպումները: Իր ստեղծագործական աշխարհում հեղինակը երկխոսության մեջ է ինքն իր հետ, հաճախ թույլատրելով այդ երկխոսության մասնակիցը դառնալ նաև դիտողին: Արթուր Դուրգարյանի հորինվածքները դիտելիս ակնհայտ է դառնում, որ երկչափ ստեղծագործական միջավայրում միայն գծային ձևերի պարզ համադրումներով ու գույնի բացակայությամբ կարելի է հաղորդել հոգևորի ու զգայականի միախառնումը, որտեղ գույնն ընկալվում է ներքուստ և յուրովի:
Արթուր Դուրգարյանի գրաֆիկական ստեղծագործություններում, ինչպես հատուկ է քանդակի վարպետների ձևաստեղծման ընկալումներին, առաջատար տեղ են գրավում հատկապես ծավալային մարմնավորումները: Այս ամենի հետ մեկտեղ ստեղծագործությունները գրաֆիկական հնչողությամբ են կատարված, որոնցում հեղինակի գունային նախընտրությունը հաճախ տրվում է սևին ու սպիտակին, որոնց համադրության մեջ կարմիրն է իր ներգործուն ազդեցությամբ դառնում գծային աշխարհի հորինվածքային գլխավոր գրավականը, գունային արտահայտչականության շնորհիվ փոխանցելով հորինվածքում թաքնված բուռն զգացմունքների ու կրքի թրթիռները:
Հեղինակն իր գրաֆիկական աշխատանքների համար նախընտրում է անիրական թվացող, սակայն միաժամանակ մարդու հոգու ենթաշերտերում և ենթագիտակցության մեջ գոյություն ունեցող մետաֆիզիկական կամ գերիրական աշխարհի որոշակի տարրեր: Գեղարվեստական ձևերը արվեստագետի կատարմամբ մարդկային հոգում կատարվող տարբեր իրավիճակների ընդհանրացված փոխակերպումներ են: Այսօրինակ հորինվածքների ստեղծման ոգեշնչման աղբյուր են ծառայում արխետիպային ընկալումները, հնագույն պատկերաձևերը, մարդկային հոգեվիճակները, պատմական խորքերից ծնունդ առած գեղագիտական հայացքները, ժամանակակից արվեստի միտումները, որոնք միախառնվելով այսօրեական աշխարհայացքներին՝ նոր վերաիմաստավորմամբ են հանդես գալիս հեղինակային մտահղացումներում: Արթուր Դուրգարյանի մուտքը գեղանկարչության ասպարեզ դրսևորվելով արվեստագետի գեղագիտական փնտրտուքներով և վարպետության անառարկելի ձիրքով՝ իր արտահայտությունն է գտնում ինքնատիպ ձեռագրային լուծումներով: Դժվար է Արթուր Դուրգարյանի աշխատանքները բնորոշել կերպարվեստի որևէ ուղղությանը հատուկ պատկերացումներով, քանզի այդ ստեղծագործություններն իրենց ոճական յուրահատկությամբ ապրում են միմիայն իրենց հատուկ գեղարվեստական երևակայական աշխարհում: Արթուր Դուրգարյանը որպես նկարիչ նոր ու ինքնատիպ մտածողության կրող է, չի քայլում արվեստի տրորված ճանապարհներով: Նրա գրաֆիկական յուրօրինակ պատկերաձևերի առաջին հայացքից պարզ, բայց միանգամայն բարդ լուծմամբ կառուցվածքը մեր ժամանակակցի հոգևոր ազատության գաղափարային պոռթկումների արգասիքն է: Հեղինակի արվեստաստեղծ ներքին ուժը տարածվում է իր իսկ կերտած կերպարների վրա, դիտողին հաղորդելով արվեստագետի ներքին կապն այդ պատկերատիպերի հետ: Արվեստագետի հմուտ վրձինը տենդորեն հետևում է կյանքի իրարանցումներին, կին-տղամարդ հարաբերություններին և առօրեականության կաղապարներից դուրս ապրող երևակայական աշխարհի զարգացումներին: Արթուր Դուրգարյանը հարստացնում է հայկական գեղանկարչությունը պատկերային հնարքներով ու խորհրդապաշտական, ինչ-որ չափով գերիրականությանը հատուկ ոճավորումներով:
Գայանե Պողոսյան
Արվեստաբան